«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 6.875% բաժնեմասը հավարմագրային կառավարման հանձնվեց ԱՆԻՖ-ին
Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստին ընդունվել է որոշում, որով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 6.875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը (հարց 31)։
Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգ ՍՊԸ-ին պատկանող 188,947 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր, որոնք կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6.875 տոկոսը։ Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա՝ բաժնետոմսերը հանձնվում են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը (ԱՆԻՖ)՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։
ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:
2021 թվականին Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն ստացել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 15 տոկոսը, որը նույնպես հանձնվել էր ԱՆԻՖ-ին՝ հավատարմագրային կառավարման։
Այսպիսով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում Հայաստանի Հանրապետության բաժնեմասը կազմում է 21.875 տոկոս։